2 Chronicles 33
1 Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։
2 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ՝ նմանությամբ այն ազգերի գարշելի գործերի, որոնց Տերը բնաջնջել էր իսրայելացիների առջևից։
3 Նա վերականգնեց այն պաշտամունքի բարձունքները, որ իր հայրը՝ Եզեկիան, քանդել էր, Բահաղի կուռքերի արձաններ կանգնեցրեց և սրբազան անտառներ հիմնեց։ Նա երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու ծառայեց նրանց։
4 Նա զոհասեղաններ պատրաստեց Տիրոջ տան մեջ, որի մասին Տերն ասել էր. «Իմ անունը հավիտյան Երուսաղեմում պիտի լինի»։
5 Նա այստեղ՝ Տիրոջ տան երկու գավիթներում, զոհասեղաններ շինեց երկնքի բոլոր զորությունների համար։
6 Նա իր ձեռքով իր որդիներին ողջակեզ արեց Բեննոմի երկրում և հմայություն, գուշակություն ու դյութություն էր անում։ Նա ուներ վհուկներ ու կախարդներ։ Շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջև և բարկացրեց նրան։
7 Նա ձուլածո քանդակված կուռքը դրեց Տիրոջ տան մեջ, որի մասին Աստված ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին. «Այս տան մեջ և Երուսաղեմում, որ ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան
8 և Իսրայելի ոտքը այլևս չեմ շարժելու այս երկրից, որը նրանց հայրերին տվեցի, միայն թե պահեն այն ամենը, որ պատվիրել եմ նրանց ըստ Մովսեսի միջոցով տրված բոլոր օրենքների, պատվիրանների ու կանոնների»։
9 Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, որ չարիք գործեն առավել, քան այն բոլոր ազգերը, որոնց վերացրել էր Տերը իսրայելացիների առջևից։
10 Տերը խոսեց Մանասեի ու նրա ժողովրդի հետ, սակայն նրանք չլսեցին։
11 Տերը նրա դեմ հանեց Ասորեստանի արքայի զորքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասեին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։
12 Բայց երբ նեղության մեջ ընկավ, Տիրոջ՝ իր Աստծու ներկայությունը փնտրեց և իրեն չափազանց խոնարհեցրեց իր հայրերի Աստծու առջև։
13 Նա աղոթեց Աստծուն. Աստված լսեց նրա աղաչանքը ու նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը։ Եվ Մանասեն հասկացավ, որ Տերն ինքն է Աստվածը։
14 Դրանից հետո նա պարիսպ շինեց Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմուտքում, հեղեղատում, որ ձգվում էր մինչև դարպասի մուտքը և շրջապատում Օփելը. նա շատ բարձրացրեց այն։ Նաև զորքի հրամանատարներ նշանակեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։
15 Նա Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներին ու քանդակված կուռքը, նաև այն զոհասեղանները, որ պատրաստել էր Տիրոջ տան բարձունքի վրա և Երուսաղեմում, ու դրանք քաղաքից դուրս թափեց։
16 Նա նորոգեց Տիրոջ զոհասեղանը և նրա վրա փրկության ու գոհաբանության զոհեր մատուցեց։ Նա Հուդայի բնակիչներին պատվիրեց, որ Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, պաշտեն։
17 Սակայն ժողովուրդը տակավին հաճախում էր պաշտամունքի բարձունքները, բայց միայն Տիրոջը՝ իրենց Աստծուն զոհեր մատուցելու։
18 Մանասեի մնացած գործերը, առ Աստված նրա աղոթքը և տեսանողների խոսքերը, որ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով հաղորդել էին նրան, ահա գրի են առնված Իսրայելի թագավորների գրքում։
19 Նրա աղոթքի խոսքերը, և թե ինչպե՛ս Տերը լսեց նրան, ինչպես նաև նրա բոլոր մեղքերն ու նրա անհավատարմությունը Տիրոջ հանդեպ և այն տեղերը, ուր պաշտամունքի բարձունքներ շինեց, պաշտամունքային փայտե սյուներ կանգնեցրեց ու կուռքեր պատրաստեց նախքան իր դարձի գալը, ահա գրի են առնված տեսանողների գրքերում։
20 Մանասեն գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր տան պարտեզում։
21 Մանասեի փոխարեն թագավորեց իր որդի Ամովնը։ Ամովնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասներկու տարի թագավորեց Երուսաղեմում։
22 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայրը՝ Մանասեն. իր հոր՝ Մանասեի պատրաստած բոլոր կուռքերին Ամովնը զոհեր մատուցեց և պաշտեց դրանք։
23 Նա չխոնարհվեց Տիրոջ առջև, ինչպես որ արել էր իր հայրը՝ Մանասեն, այլ նրա որդին՝ Ամովնը, ավելի ու ավելի շատ մեղքեր գործեց։
24 Նրա դեմ ելան իր պալատականները և նրան սպանեցին իր տան մեջ։
25 Իսկ երկրի ժողովուրդը սպանեց նրանց, որոնք հարձակվել էին թագավորի վրա։ Երկրի ժողովուրդը նրա փոխարեն գահ բարձրացրեց նրա որդուն՝ Հովսիային։